Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իսրայելի դեսպանին

14:26, 29 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 29-ին ընդունել է Հայաստանում Իսրայելի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոել Լիոնին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Ազգային ժողովից, Ալեն Սիմոնյանը շնորհավորել է նրան Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով բեղուն գործունեություն:

«Դեսպանությունները հիմնաքար են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար: Լիահույս եմ, որ Ձեր գործունեությունը հայ-իսրայելյան հարաբերությունների համար գործուն նշանակություն կունենա եւ կնպաստի միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացմանը»,-նշել է ԱԺ նախագահը:

Հանդիպմանը միջխորհրդարանական կապերի համատեքստում մեծապես կարեւորվել է պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը:

Երկուստեք արձանագրվել է, որ մեր ժողովուրդների միջեւ պատմամշակութային կապերի առկայությունն ու ճակատագրերի նմանությունը կարեւոր նախադրյալներ են համագործակցության բարենպաստ մթնոլորտ ստեղծելու համար:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեւական կայունություն հաստատելու շուրջ:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am