Վարչապետն ընդունել է Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպանին

14:49, 30 Հունիս, 2022

 ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության նորանշանակ դեսպան Յոել Լիոնին (նստավայրը՝ Երուսաղեմ):

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, վարչապետը շնորհավորել է Իսրայելի նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման:

Դեսպան Լիոնը պատիվ է համարել Հայաստանում դիվանագիտական ծառայությունը և հավաստիացրել, որ առավելագույն ջանքեր կներդնի երկկողմ կապերի խորացման ուղղությամբ:

Զրուցակիցներն ընդգծել են հայ-իսրայելական փոխգործակցության դաշտում մեծ ներուժի առկայությունը և կարևորել կոնկրետ արդյունքների միտված ծրագրերը: Մտքեր են փոխանակվել երկկողմ օրակարգի զարգացման ուղղությամբ անելիքների շուրջ:


© 2009 ARMENPRESS.am