Բասկետբոլիստ Ալբերտ Թադևոսյանը մեծ սպասելիքներ ունի փոքր երկրների ԵԱ-ից  

15:18, 30 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջիբրալթարի դեմ տոնած հաղթանակից հետո Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Ալբերտ Թադևոսյանը ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում կիսել է իր տպավորությունները: «Շատ ուրախ եմ, որ հաղթեցինք: Մինչ խաղն արդեն վերլուծել էինք մրցակցին, հասկացել էինք՝ ինչպիսի խաղ է ցուցադրում: Անկեղծ ասած, գիտակցում էինք, որ մեր խաղային մակարդակն ավելի բարձր է: Մեր թիմը համալրել է Քրիս Ջոնսը, ով բավականին ուժեղ խաղացող է: Նա մեզ նոր է միացել, պարզ է՝ խաղի սկզբում մի փոքր դժվար էր, քանի որ տարբեր կոմբինացիաներ էինք փորձարկում, բայց, ընդհանուր առմամբ, հանդիպման վերջնամասում ավելացրինք և կարողացանք միավորներով բավականին առաջ անցնել: Հաջորդ խաղերը շատ կարևոր են, զգում եմ, որ ավելին կարող եմ: Ամեն ինչ կանենք, որ յուրաքանչյուր խաղում հաղթենք և հասնենք մեր նպատակին»,- նշել է Թադևոսյանը:

Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնության առաջին տուրում 100:63 հաշվով առավելության է հասել Ջիբրալթարի թիմի նկատմամբ: Հունիսի 30-ին՝ Երևանի ժամանակով 18:15-ին, Հայաստանի հավաքականը կխաղա Սան Մարինոյի ընտրանու հետ:


© 2009 ARMENPRESS.am