ՀՀ-ում Իսրայելի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17:22, 30 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Իսրայելի Պետության նորանշանակ դեսպան Յոել Լիոնին (նստավայրը՝ Երուսաղեմ) հունիսի 30-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոս Աշոտ Շախմուրադյանի ուղեկցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, հյուրերին դիմավորել և նրանց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ստեղծման պատմությանը ծանոթացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը:

Նա ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

Պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ Էդիտա Գզոյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

Այցի ավարտին պարոն Յոել Լիոնին գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:


© 2009 ARMENPRESS.am