ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԱՀԿ համաժողովում կարևորել է Արցախի ժողովրդի՝ սեփական ապագան որոշելու իրավունքի իրացումը

19:34, 30 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել հունիսի 28-29-ին տեղի ունեցած ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, անդրադառնալով ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգության մարտահրավերներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, սպառազինությունների վերահսկման ռեժիմի փաստացի և շարունակական խախտումները, զինված հակամարտություններում օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների և վարձկանների օգտագործումը փաստացի հարցականի տակ են դրել ԵԱՀԿ կարողությունը՝ ապահովելու իր պատասխանատվության տարածաշրջանում համապարփակ անվտանգությունը։

«Նշվեց, որ Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված զինադադարի շարունակական խախտումները, այս տարվա մարտին Արցախում մարդասիրական ճգնաժամ առաջացնելու Ադրբեջանի քայլերը, ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով ստեղծված ԵԱՀԿ ձևաչափերի աշխատանքների խոչընդոտումը վկայում են, որ ԵԱՀԿ տարածքում անվտանգության մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է մասնակից երկրների արդյունավետ համագործակցությունը  և ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների և հանձնառությունների վերահաստատումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ աջակցություն հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին՝ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է վերջինիս գործունեությունը՝ ուղղված Արցախի ժողովրդի՝ այդ թվում սեփական ապագան որոշելու իրավունքի իրացման ապահովմանը՝ որպես ԼՂ հակամարտության կարգավորման առանցքային նպատակ։ Կարևորվել է նաև ԵԱՀԿ ներգրավվածությունը հումանիտար հարցերի, ներառյալ՝ հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման, մշակութային ժառանգության պաշտպանության, բռնի անհետացածների ու անհետ կորածների դեպքերի հասցեագրման գործում։

Նշվում է, որ համաժողովի շրջանակներում նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ։ Քննարկվել է համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:


© 2009 ARMENPRESS.am