Քրեակատարողական հիմնարկում խոշտանգման արձանագրություն չկազմելու դեպքի առթիվ սկսվել է ուսումնասիրություն

20:59, 30 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի ցուցումով հանձնարարվել է կատարել ուսումնասիրություն՝ քրեակատարողական հիմնարկում խոշտանգման արձանագրություն չկազմելու դեպքի առթիվ, որպեսզի պարզվի մեղավոր անձանց շրջանակը և հետագայում բացառվեն նմանատիպ խախտումները։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից:

«Կալանավորված անձ Ա.Շ-ն մարմնական վնասվածքներով մուտք է գործել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ Ոստիկանության ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայրից:

Կալանավորված անձի մարմնի տարբեր հատվածներում, այդ թվում՝ գլխին, վնասվածքների առկայության փաստն արձանագրվել է ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայրի ներկայացուցիչների կողմից:

Օրենսդրական կարգավորումների համաձայն՝ ՔԿՀ-ի բուժաշխատողը բժշկական զննության ընթացքում անձի մոտ նման առերևույթ մարմնական վնասվածքների առկայության դեպքում պարտավոր էր կազմել խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրություն և անմիջապես փոխանցել իրավասու քննչական մարմին, սակայն ՔԿՀ-ի կողմից միջոցներ չեն ձեռնարկվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

 


© 2009 ARMENPRESS.am