Հայաստանն ու Իսրայելը պատրաստ են ակտիվացնել համագործակցությունը առողջապահության ոլորտում

21:21, 30 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության նորանշանակ դեսպան Յոել Լիոնին (նստավայրը՝ Երուսաղեմ) և Իսրայելի Պետության պատվավոր հյուպատոս Աշոտ Շահմուրադյանին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Բժշկագիտության բնագավառում Իսրայելի հարուստ փորձը և Հայաստանի առողջապահական համակարգում մեկնարկած բարեփոխումները պոտենցիալ են` Հայաստանի և Իսրայելի միջև փոխգործակցությունն ընդլայնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ներկայացնելով Հայաստանի առողջապահական համակարգի ընդհանուր իրավիճակը` Անահիտ Ավանեսյանն առանձնացրել է ոլորտում հայ-իսրայելական շփումներն ակտիվացնելու մի շարք ուղղություններ`

Նշվում է, որ դեսպան Յոել Լիոնը ողջունել է հայ-իսրայելական գործակցությունն ակտիվացնելու ջանքերը, հանդես եկել առաջարկներով: Մասնավորապես, քննարկվել են MASHAV իսրայելական միջազգային համագործակցության գործակալության հետ փոխգործակցությամբ հայ մասնագետների համար դասընթացներ կազմակերպելու և փորձի փոխանակման հնարավորությունը:

Դեսպանը նշել է, որ սեպտեմբերին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 72-րդ նստաշրջանի առիթով Իսրայելի Պետություն այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանն անձամբ հնարավորություն կունենա ծանոթանալ իսրայելական առողջապահական համակարգի առանձնահատկություններին` միաժամանակ ձեռք բերելով որոշակի պայմանավորվածություններ:


© 2009 ARMENPRESS.am