Արթիկն ու Վո Ան Վլենը կիրականացնեն կոշտ թափոնների կառավարմանն ուղղված համատեղ ծրագրեր  

10:17, 1 Հուլիս, 2022

ԳՅՈՒՄՐԻ, 1 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ : Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված 4-րդ համաժողովի շրջանակում Շիրակի մարզի պատվիրակության անդամները, մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ, հանդիպել են Շիրակի մարզի Արթիկ քաղաքի ֆրանսիական քույր քաղաք Վո Ան Վլենի ղեկավարության հետ։ 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանդիպմանը մասնակցել է նաև Լիոնում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Լևոն Դավթյանը։ Արթիկի համայնքապետ Անան Ոսկանյանը և պատվիրակության անդամները շեշտադրել են հայկական կողմի պատրաստակամությունը՝ գործակցությունը շարունակելու հարցում։ Վո Ան Վլենի քաղաքապետ տիկին Էլեն Ժոֆռուան վստահեցրել է, որ համագործակցությունը, որի հիմքը դրվել է տարիներ առաջ, ակտիվ կերպով շարունակվելու է։

Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ երկկողմ հանդիպման ընթացքում առանձնացվել են կարևոր ուղղություններ, որոնց շրջանակներում շարունակվելու է փոխգործակցությունը։ Երկու համայնքներն առաջիկայում կփորձեն համայնքային ծառայողների վերապատրաստմանը, կլիմայի վրա ազդեցությանը և կոշտ թափոնների կառավարմանն ուղղված համատեղ ծրագրեր իրականացնել։ Արթիկ և Վո Ան Վլեն քաղաքների միջև փոխգործակցությունը ապակենտրոնացված շարունակական և արդյունավետ համագործակցության լավագույն օրինակներից է:

Արմենուհի Մխոյան

                      

 


© 2009 ARMENPRESS.am