Կոմիտասի թանգարան-ինստիտուտը դպրոցականների և ուսանողների համար ամառային դպրոցի ծրագիր է մշակել

12:42, 4 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կոմիտասական»՝ այսպես է կոչվում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ամառային դպրոցը, որը կանցկացվի երկու փուլով։ Հուլիսի 4-ին մեկշաբաթյա դպրոցը կմեկնարկի արվեստի և հումանիտար այլ ոլորտների ներկայացուցիչների՝ ասպիրանտներին, երիտասարդ գիտնականների համար, իսկ հուլիսի 11-16-ը «Կոմիտասական» ամառային դպրոցին կմասնակցեն 7-15 տարեկանները։

Թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար Տաթևիկ Շախկուլյանի խոսքով՝ այս դպրոցը կրթական անդրադարձ է Կոմիտասին և այն ոլորտներին, որոնցում Վարդապետը ստեղծագործել է.

«Մեկ շաբաթվա հագեցած ծրագրի ընթացքում դպրոցի մասնակիցները հնարավորություն կունենան ուսումնասիրել ֆոլկլորային, միջնադարյան, դասական երաժշտությունը, կոմպոզիտորական դպրոցը։ Անդրադարձ կկատարվի նաև արվեստի այն ճյուղերին, որոնց Կոմիտասն առնչվել է՝ գրականություն, կերպարվեստ և այլն»։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Կոմիտասի թանգարան-ինստիտուտից,  Ամառային դպրոցն անցկացվելու է ինտերակտիվ ձևաչափով, մասնակիցները պարզապես դասախոսություններ չեն լսելու, այլ իրենք են փորձելու նոտագրել, նկարներ, քանդակներ ստեղծել։

«Կարևոր է նշել, որ ամառային դպրոցին մասնակցելու համար երաժշտական կրթությունը պարտադիր չէ։  Մենք արդեն մեծ փորձ ունենք այլ ոլորտների մասնագետներին բերել մեր դաշտ և վերջում հետաքրքիր արդյունքներ գրանցել։ 2 հոսքերի ավարտին ձևավորելու ենք փոքրիկ երգչախումբ և նաև կազմակերպելու ենք ցուցահանդես, որտեղ կցուցադրվեն ուսումնառության ընթացքում ստեղծված արվեստի փոքրիկ գործերը»,- ասում է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար Տաթևիկ Շախկուլյանը։

«Կոմիտասական» դպրոցի աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը, ավարտին մասնակիցները կստանան վկայականներ։ Դիմումի ձևը կենսագրության (CV) հարկավոր է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։

ա) Ուսանողներ, երիտասարդ մասնագետների խմբի դիմումի ձևը կարելի է ներբեռնել այստեղից,

բ) Դպրոցահասակների խմբի դիմումի ձևն՝ այստեղից:


© 2009 ARMENPRESS.am