Նախագահը գիտնական և գործարար Աֆեյանի հետ պայմանավորվել  է մեկտեղել հասարակական ու կրթական ծրագրերի իրականացման ջանքերը  

18:13, 7 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 7-ին հյուրընկալել է ամերիկահայ գիտնական և գործարար Նուբար Աֆեյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Խաչատուրյանը ողջունել է հյուրին և նշել, որ միշտ ուրախ է նրան տեսնել Հայաստանում: Նուբար Աֆեյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար:

«Վահագն Խաչատուրյանն ու Նուբար Աֆեյանը քննարկել են Հայաստանում կրթության և գիտության զարգացման հեռանկարները: Գործարարը նախագահին է ներկայացրել նշված ոլորտներում, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք կապերի շարունակական ամրապնդմանն ու զարգացմանը միտված ընթացիկ և ապագա նախաձեռնություններն ու ծրագրերը»,- ասվում է հաղորդագորթյան մեջ։

Ըստ աղբյուրի՝ երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել մեկտեղել ջանքերը հասարակական ու կրթական բազմաշերտ ծրագրերի իրականացման համար:


© 2009 ARMENPRESS.am