ՍԹԱՐՄՈՒՍ-ի միջոցառումները Հայաստանում իրապես փոխելու են գիտության մասին ընկալումները. վարչապետի աշխատակազմի ղեկավար

21:00, 8 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՍԹԱՐՄՈՒՍ միջազգային գիտական փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանի հրավերով ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է ոչ պաշտոնական նախաճաշի՝ քննարկելու համար փառատոնի ընթացքը, զարգացումներն ու ազդեցությունը ոլորտի համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Ներկայացվել է փառատոնի ծրագիրը, սպասվող յուրօրինակ հանդիպումներն ու միջոցառումները, որոնց անցկացումը Հայաստանում իրապես փոխելու է գիտության մասին ընկալումները, ինչպես նաև միջազգային հանրության շրջանում Հայաստանը ներկայացվելու է որպես հարուստ գիտական ժառանգությամբ երկիր»,- նշել է Արայիկ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ քննարկվել են ոլորտի ներգրավվածության ու հնարավոր փոխգործակցության հեռանկարները, ներկայացվել փառատոնը համատեղ ուժերով համահայկական տոն դարձնելու տարաբնույթ առաջարկներ ու հնարավորություններ։

 


© 2009 ARMENPRESS.am