Ռուանդայի արտաքին գործերի նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

16:43, 11 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկօրյա այցով Հայաստան ժամանած Ռուանդայի արտաքին գործերի նախարար Վինսենտ Բիրուտայի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 11-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի ուղեկցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեղեկացնում է, որ հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա հյուրերին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

Վինսենտ Բիրուտան ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Ռուանդայից ժամանած պատվիրակության անդամները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Վինսենտ Բիրուտան գրառում է կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը պատվավոր հյուրին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր, այնուհետև նրան ուղեկցել է ՀՑԹԻ գիտաժողովների սրահ, որտեղ ընթանում էր ամերիկացի ուսուցիչների համար մշակված վերապատրաստման ծրագիրը:

Ռուանդայի ԱԳ նախարարը կարճ խոսքով դիմել է ներկա ուսուցիչներին և, որպես ցեղասպանության սարսափներով անցած երկրի ներկայացուցիչ, կարևորելով նման ծրագրերի անցկացումը՝ հույս է հայտնել, որ կրթության միջոցով հնարավոր կլինի կանխել ցեղասպանությունների կրկնությունը:

Այցի ավարտին հյուրերը շրջել են Հիշողության պուրակում, որտեղ Վինսենտ Բիրուտան ջրել է 2018 թվականին Ռուանդայի արտաքին գործերի և համագործակցության նախարար Լուիզ Մուշիկիվաբոյի տնկած արծաթափայլ եղևնին:


© 2009 ARMENPRESS.am