Վարչապետի մոտ քննարկվել են Քաղաքացիական ավիացիայի ոլորտում նախատեսվող բարեփոխումները

18:09, 14 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում նախատեսվող համակարգային բարեփոխումներին վերաբերող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, մասնավորապես, անդրադարձ է կատարվել կոմիտեի գործունեությանը, կառուցվածքին, բարձրակարգ մասնագետների ներգրավմանը, թռիչքային անվտանգության ապահովմանը, օդաչուների ու այլ կադրերի վերապատրաստմանը և այլ հարցերի: Քննարկվել են նաև ավիացիոն ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացված ու առաջիկայում նախատեսվող միջոցառումները:

Ըստ աղբյուրի՝ խորհրդակցությանը մասնակից գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել տարբեր դիտարկումներով ու առաջարկություններով:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ կառավարության ռազմավարական նպատակն է հայկական ավիացիան համապատասխանեցնել միջազգային լավագույն չափանիշներին: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է շարունակել քննարկումները և դրանց արդյունքներով լրամշակել բարեփոխումների փաթեթը:


© 2009 ARMENPRESS.am