Արցախի պետական նախարարը Վեստբրուկ քաղաքի խորհրդի նախագահի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

15:14, 20 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն ընդունել է ամերիկահայ բարերար, ԱՄՆ Վեստբրուկ քաղաքի խորհրդի նախագահ Աննա Աստվածատուրյան-Թերքոթին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի պետական նախարարի աշխատակազմից, Արտակ Բեգլարյանը կարևորել է «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի գործունեությունը Արցախում, որի շնորհիվ պատերազմից հետո բազմաթիվ հումանիտար խնդիրներ են լուծվել:

«Ձեր հայրենանվեր աշխատանքն արտահայտվում է առաջնահերթորեն «Սեր Արցախ» բարեգործական ծրագրի միջոցով Արցախի նորածիններին և նրանց մայրերին ցուցաբերվող աջակցությամբ, քանի որ մեր նորածինները կյանքի շարունակականության գլխավոր գրավականն են ու ապագայի հանդեպ ունեցած հավատը: Վստահ եմ, որ ծրագիրը դրական ազդեցություն է թողնելու Արցախի զարգացման հետագա ընթացքի վրա»,- ասել է պետական նախարարը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Աննա Աստվածատուրյան-Թերքոթը ներկայացրել է հիմնադրամի գործունեության ուղղություններն ու աղբյուրները, նշել, որ միջոցները հավաքագրվում են հիմնականում հանրային դրամահավաքների միջոցով: Նա հավաստիացրել է, որ շարունակելու է իր նպաստը բերել արցախցիների կյանքի որակի բարելավմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթական, առողջապահական և սոցիալական ոլորտներում հնարավոր այլ ծրագրերի իրագործման հետ կապված մի շարք հարցեր:


© 2009 ARMENPRESS.am