Շիրակում կենդանիների պատվաստման գործընթացում արձանագրվել են բացթողումներ. քննարկում մարզպետարանում

19:20, 20 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետարանում հուլիսի 20-ին տեղի է ունեցել կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված քննարկում, որին մասնակցել է նաև ՀՀ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից՝ հավելելով, որ քննարկմանը ներկա են եղել մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, մարզի ոլորտային պատասխանատուներ ու մասնագետներ։

«ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշել է, որ հակահամաճարակային միջոցառումներին ուղղված պետական միջոցների օգտագործման հարցում պետք է դրսևորել առավելագույն պատասխանատվություն, անաչառություն, այն պետք է բաշխվի մարզում պատվաստումային գործընթացի պահանջին համապատասխան և կիրառվի հավասարաչափ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով ընթացիկ տարվա պատվաստումային գործընթացին՝ Շիրակի մարզպետը նշել է, որ արձանագրվել են բացթողումներ և պատվաստումների ցուցանիշները հատկապես ցածր են Գյումրիում և Ախուրյան համայնքում։

Նշվում է, որ պատասխանատուները կարևորել են շահագրգիռ բոլոր մարմինների սերտ համագործակցությունը, որը կնպաստի հակահամաճարակային վիճակի ստեղծմանը, անվտանգ կենդանական ծագման մթերքի և հումքի արտադրության ապահովմանը, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից բնակչության պաշտպանությանը։


© 2009 ARMENPRESS.am