«Գնեք Հայաստանում». քուվեյթահայ բարերարն ակտիվացնում է տնտեսության զարգացմանը նպաստող իր նախաձեռնությունը

16:17, 26 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուվեյթահայ բարերար, գործարար Կիրակոս Գույումջյանը հանդես է գալիս «Գնեք Հայաստանում» նախաձեռնությամբ, որի նպատակն է նպաստել տնտեսության զարգացմանը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Կիարկոս Գույումջյանը նշեց, որ նախաձեռնության շուրջ աշխատանքները սկսվել էին 2019 թվականից, սակայն համավարակը ծրագրված աշխատանքները ետ գցեց: Այժմ քուվեյթահայ բարերարը կրկին Հայաստանում է, նպատակ ունի տարբեր շրջանակներում ակտիվացնել «Գնեք Հայաստանում» արշավը:

«Ինչպես գիտենք, վերջին շրջանում զբոսաշրջության ակտիվություն է նկատվում: Շատերն են նախընտրում գալ Հայաստան, իրենց հանգիստն այստեղ կազմակերպել: Այս արշավի էությունն այն է, որ մեր հայրենակիցներին կոչ անենք, խրախուսենք, որ իրենց կարիքների համար նախատեսված ապրանքները գնեն Հայաստանում: Ինչ կարիք կա դրսից բերել ապրանքներ, եթե այստեղ ամեն ինչ կա և հնարավոր է հանգստի ընթացքում գնել: Եթե այս նախաձեռնությունը տարածում ունենա, ապա շահավետ կլինի Հայաստանի համար»,-ասաց Կիրակոս Գույումջյանը:

Նրա խոսքով, տնտեսապես շահավետ կլինի տեղի գործարարներին, արտադրողներին: Եթե սփյուռքահայ զբոսաշրջիկները սկսեն ամեն այցելության ժամանակ գնումների հիմնական մասն անել Հայաստանում, դա նշանակում է, որ այստեղ այդ ապրանքների պահանջարկը կավելանա: Արդյունքում և՛  վաճառողների համար լավ կլինի, և՛ արտադրողների: Դրանից բացի, երկիր եկած արտարժույթի ծավալը կավելանա ու դրանից կշահի միայն պետությունը:

Հայաստան այցելության ժամանակ Կիրակոս Գույումջյանը հանդիպումներ է ունեցել Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակում, Զբոսաշրջության կոմիտեում, ներկայացրել իր նախաձեռնությունն, ինչը դրական արձագանքի է արժանացել:  

Կիրակոս Գույումջյանը տարբեր առիթներով փորձում է աջակցության ծրագրերով լինել Հայաստանի ու Արցախի կողքին: Նա արաբական լրատվամիջոցներում հանդես է գալիս հայկական հարցերի հետ կապված հոդվածներով: Կիրակոս Գույումջյանը նկատեց, որ Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված արաբական երկրներում ինֆորմացիայի պակաս կա:

«Ընդհանրապես, արաբական աշխարհում հայկական հարցերը ներկայացնելու տեսանկյունից թերացել ենք: Անհրաժեշտ չափով չենք կարողացել մեր հարցը ներկայացնել արաբ ժողովրդին: Շատերը ամբողջական պատկերացում չունեն Հայոց ցեղասպանության, հայկական այլ հարցերի հետ կապված: Ես էլ որոշեցի հոդվածներով հանդես գալ՝ ներկայացնելով հայկական հարցերը, հակադարձելով ժխտողական դիրքորոշումներին» ,-ասաց Կիրակոս Գույումջյանը:  

Քուվեյթահայ գործարարը հիմնել է «Ներսես Շնորհալի» կրթական մրցանակը Հալեպի և Քուվեյթի երկրորդական վարժարանների սաներին խրախուսելու համար: Արդեն 20-ից ավելի աշակերտ արժանացել է այս մրցանակին: Կիրակոս Գույումջյանը նկատեց, որ այն նպաստել է մրցակցության, առաջադիմության բարձրացմանը: Նախաձեռնությունը շարունակվելու է նաև առաջիկա տարիներին:

[gallery id= 66106]

© 2009 ARMENPRESS.am