Ավստրալահայ դիզայները Սիդնեյից Գյումրի է տեղափոխվել մշտական բնակության

12:39, 31 Հուլիս, 2022

ԳՅՈՒՄՐԻ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան կատարած մի քանի այցից հետո Սիդնեյում ծնված ու մեծացած Անահիտ Սարյանը որոշել է մշտական բնակություն հաստատել Հայաստանում, իսկ ավելի ստույգ՝ Գյումրիում. այցելություններից մեկի ժամանակ տեսնում է Գյումրին ու, չնայած ակնհայտ դժվարություններին, սիրահարվում է քաղաքին:

Սիդնեյի Տեխնոլոգիական համալսարանում նորաձևության դիզայների որակավորում ստացած Անահիտը տեղափոխվելուց կարճ ժամանակ անց արդեն աշխատանքի է անցնում կաշվե իրերի արտադրություններից մեկում՝ որպես ոճաբան:

«Արմենպրես»-ին պատմելով իր մեծ ծնողների մասին`Անահիտն ասում է, որ նախնիների մասին շատ բան չգիտի՝ միայն այն, որ մայրական արմատները Նախիջևանից են, հայրականը՝ Ադանայից, ծնողները ծնվել են Պարսկաստանում, ապա` տեղափոխվել Ավստրալիա, որտեղ և իրար հանդիպել են ու ամուսնացել: «Շատ բան իմ պապերի մասին չգիտեմ՝ չէին պատմում, հավանաբար չցանկանալով, որ իրենց տեսած դժվարությունների մասին մենք էլ իմանանք»,- նշում է Անահիտը։

Արդեն գրեթե երկու տարի Գյումրիում է: Երբ խոսում է Գյումրու մասին՝ հիացմունքից աչքերը փայլում են՝ այստեղ ամեն ինչ իրեն հարազատ է, կերակուրները՝ պանրախաշն ու քյալլեն սիրած կերակուրներն են, նույնիսկ բարբառը: «Բարբառների խառնուրդ է հիմա իմ մոտ՝ պարսկահայերենի, Հայաստանի՝ շաղախված Գյումրու բարբառով»,- ծիծաղում է Անահիտն՝ անկեղծանալով՝ Գյումրին ավելի շատ մարդկանցով է իր համար գրավիչ:

Սիդնեյ վերադառնալու մասին Անահիտն այս պահին չի մտածում՝ Գյումրիում դեռ անելիք ունի: 

Արմենուհի Մխոյան       

© 2009 ARMENPRESS.am