Ադրբեջանը փորձում է վախի մթնոլորտ ստեղծել. Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում չտրվել կեղծ լուրերի

14:21, 4 Օգոստոս, 2022
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն Արցախի Հանրապետության քաղաքացիների և պետական կառույցների էլեկտրոնային հասցեներին ու մեսենջերներին կեղծ լուրեր ու սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ են ուղարկում և փորձում խուճապ տարածելով՝ վախի մթնոլորտ ստեղծել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը: 
«Արցախի Հանրապետության ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար: Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի, չպատասխանել նման հաղորդագրությունների, և հետևել միայն պաշտոնական լրահոսին: Կասկածելի բովանդակությամբ հաղորդագրություններ կամ սպառնալիքներ ստանալու դեպքում դիմեք ԱՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»,- ասված է հաղորդագրության մեջ:

© 2009 ARMENPRESS.am