Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հավաքածուն համալրեց ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանի՝ գրողի դիմանկարը

17:50, 5 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հավաքածուն համալրվեց հեղինակի դիմանկարով, որը պատկանում է Հայաստանի ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանի վրձնին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կտավը երկար տարիներ պահվել է մասնավոր հավաքածուներում և հանվել է վաճառքի։ Այն ձեռք է բերել պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանը: Նա  օգոստոսի 5-ին կտավը նվիրեց տուն-թանգարանին՝ նշանավորելով Եղիշե Չարենցի 125-ամյակը:

Մինչ տուն-թանգարան գնալը միջոցառման հյուրերը, մի խումբ զինվորականներ ծաղիկներ խոնարհեցին մեծանուն գրողի հուշարձանի մոտ:

[gallery id= 66149]

Հրաչյա Պողոսյանը պատմեց, որ կտավը գնելուն պես որոշել է այն նվիրել տուն-թանգարանին, որպեսզի հանրության լայն շրջանակն այն տեսնելու հնարավորություն ունենա: «Շատ էի ցանկանում Չարենցի հոբելյանի շրջանակում  գրողին նվիրված որևէ միջոցառում նախաձեռնել: Որոշեցինք հուշարձանի մոտ ծաղիկներ խոնարհել, իսկ տուն-թանգարանում հյուրերը կարող են վայելել այն ուտեստները, որոնք սիրել է Չարենցը: Նա շատ է սիրել  չրեղեն, բաստուրմա, սուջուխ, հայկական կոնյակ ու մրգեր»,-ասաց Պողոսյանը՝ ընդգծելով, որ երբեմն վերընթերցում է Չարենցի ստեղծագործությունները և շնորհակալ է իր բոլոր ուսուցիչներին, որոնց շնորհիվ մեծ սեր է տածում գրողի նկատմամբ:

Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանն էլ հիշեցրեց, որ թանգարաններն իրենց հավաքածուները համալրում են գնումների, փոխանակումների, նվիրատվությունների և այլ եղանակներով, իսկ նվիրատուներն առանձնահատուկ կարևորություն ունեն տուն-թանգարանի հավաքածուն հարստացնելու գործում:

«Հավաքածուն ունի տարբեր բաժիններ, որոնց մեջ յուրահատուկ տեղ են զբաղեցնում կերպարվեստի նմուշները. պահվում են տասնյակ գեղանկարչական աշխատանքներ, գրաֆիկական գործեր: Կան Մարտիրոս Սարյանի, Հենրիկ Սիրավյանի, Արա Բեքարյանի աշխատանքները՝ նվիրված Չարենցին: Վերջերս Նարեկ Վան Աշուղաթոյանը թանգարանին նվիրեց իր պապի՝ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Հովհաննես Շարամբեյանի գրաֆիկական աշխատանքը: Չարենցյան տարին հարուստ է նվերներով, իսկ Ռուխկյանի կտավը, որը նվիրում է Հրաչյա Պողոսյանը, մեծ ոգևորությամբ ենք ընդունել: Այն տեղ կգտնի մեր հավաքածուում»,-շեշտեց Մանուկյանը:

Չարենցի թոռնուհի Գոհար Չարենցի խոսքով՝ բանաստեղծի դիմանկարը մեծ նվեր է տուն-թանգարանի համար: «Ռուխկյանը մեր ժամանակների հրաշալի  նկարիչներից մեկն է: Նա մի անգամ չէ, որ նկարել է Չարենցին: Նրա ստեղծագործություններից մեկը տուն-թանգարանի հավաքածուում է, սակայն այս կտավն ինձ վրա մեծ տպավորություն թողեց: Նկարում Չարենցը մտահոգ է, շատ կոկիկ»,-ասաց նա՝ շեշտելով, որ Հրաչյա Պողոսյանը բացառիկ անձնավորություն է ու իսկական բարերար, քանի որ շատ է օգնել իր կարիքն ունեցող բազմաթիվ մարդկանց, հուշարձաններ է բացել, և ուրախ են, որ կտավը գնել ու նվիրել է տուն-թանգարանին:

Գոհար Չարենցը կարևորեց տուն-թանգարանը նոր ցուցանմուշներով համալրելն ու հորդորեց Չարենցի հետ առնչվող նյութերը նվիրել տուն-թանգարանին:

 


© 2009 ARMENPRESS.am