ՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Լատվիայի դեսպանի հետ

18:11, 5 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 5-ին ընդունել է Հայաստանում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգրիդա Լևրենսին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում իրականացրած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ։

Դեսպան Լևրենսը նշել է, որ իր համար մեծ պատիվ է եղել աշխատել մեր երկրում և չնայած իր պաշտոնավարման ընթացքը համընկել է համավարակի, պատերազմի հետևանքով առաջացած դժվարին շրջանի հետ, ինքն առավելագույն ջանք է ներդրել՝ երկու երկրների հարաբերությունների ընդլայնման և զարգացման համար:
 


© 2009 ARMENPRESS.am