Ապագա Հայկականի համաժողովի գրանցումը բաց է բոլորի համար

15:14, 8 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թ. նոյեմբերին 11-13-ին Երևանում կայանալու է «Ապագա Հայկականի»  առաջին համաժողովը՝ «քաղաքացիական ասամբլեա» մասնակցային ժողովրդավարության մոդելի հիման վրա։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են հիմնադրամից, համաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետությունից, Արցախից և սփյուռքից ընտրված 200 մասնակից քննարկելու է «Ապագա հայկականը» հանրային նախաձեռնության 15 նպատակներից երեքը՝ «Հայաստան-սփյուռք միասնականություն», «Պատմական պատասխանատվություն» և «Բնակչության աճ»՝ վեր հանելու առկա խնդիրները, մարտահրավերները և ընդունելու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների փաթեթներ։

«Գիտակցելով մեր հավաքական պատասխանատվությունը հայ ժողովրդի կայուն ու անվտանգ ապագայի կերտման և մեր զարգացման ուղին կանխորոշելու գործում՝ մեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ այս կարևոր գործընթացի մաս»,- նշված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:

Մասնակցության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է «Ապագա հայկականը» նախաձեռնության պաշտոնական կայքէջում լրացնել համապատասխան հայտաձևը։

Մասնակցության հայտը կարելի է ներկայացնել նաև հետևյալ հեռախոսահամարով` +374 (60) 700 800, ինչպես նաև convention@futurearmenian.com էլեկտրոնային հասցեով։


© 2009 ARMENPRESS.am