Առաջին դասարանցիների ընդունելության համար բժշկական տեղեկանք չի պահանջվում
16:10, 8 Օգոստոս, 2022ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առցանց հայտագրումից հետո առաջին դասարան հաճախող երեխաների՝ դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը ծնողները պետք է ուսումնական հաստատություն ներկայացնեն` համաձայն նախարարի թիվ 1640-Ն հրամանով սահմանված կարգի։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, սովորողին դպրոց ընդունելու համար ծնողը պետք է ներկայացնի դիմում` ուղղված տնօրենին, սովորողի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճենը, լուսանկար՝ 3x4 չափսի:
ԿԳՄՍ նախարարությունը ստացել է ահազանգեր, որ որոշ դպրոցներ պահանջում են բժշկական տեղեկանք։
«Դպրոցը, բացի վերոնշյալ փաստաթղթերից, իրավունք չունի պահանջելու որևէ այլ փաստաթուղթ»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Ծնողները փաստաթղթերը կարող են դպրոց ներկայացնել յուրաքանչյուր աշխատանքային օր:
© 2009 ARMENPRESS.am