Թողարկվել է վտանգավոր սննդամթերք. կասեցվել է մածունի և թթվասերի արտադրությունը

17:59, 9 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Հենրի Հարությունյանին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Վայոց ձորի մարզ, Գնդեվազ համայնք), որի ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից, փորձարկման արդյունքներով՝ մածուն և թթվասեր արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չեն համապատասխանել Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Նշված արտադրամասի մածուն և թթվասեր արտադրատեսակների արտադրական գործունեությունը կասեցվել է, մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ արտադրվող մածուն և թթվասեր արտադրատեսակները իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար:


© 2009 ARMENPRESS.am