ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչները տեսակցել են ադրբեջանական ԶՈւ կրակոցներից վիրավորում ստացած զինծառայողներին

10:01, 11 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են զինվորական հոսպիտալ և տեսակցել 2022 թվականի օգոստոսի 3-ին ադրբեջանական զինված ուժերի կրակոցներից վիրավորում ստացած զինծառայողներին, ովքեր տեղափոխվել էին Երևան՝ բուժումը շարունակելու համար։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից, այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ: Զինծառայողների առողջական վիճակը քննարկվել է հոսպիտալի բուժանձնակազմի հետ:

Պարզվել է, որ զինծառայողները ստացել են տարբեր վիրավորումներ (դեմքի, ազդրի, կրծքավանդակի և այլն), ինը զինծառայողներից յոթի վիճակը բժիշկները գնահատել են բավարար, մեկինը՝ միջին, մյուսինը՝ կայուն ծանր:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են հավաքագրված տեղեկությունները:

Նշվում է, որ Զինծառայողների առողջական վիճակը Պաշտպանի աշխատակազմի անմիջական ուշադրության ներքո է:


© 2009 ARMENPRESS.am