ԿԳՄՍ նախարարը պարգևատրեց Օլիմպիադայում արծաթե մեդալ նվաճած շախմատի տղամարդկանց հավաքականին

17:09, 11 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության, գիտության, մշակույթի և Սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ոսկե մեդալներով պարգևատրեց 44-րդ Համաշխարհային Օլիմպիադայում արծաթե մեդալ նվաճած շախմատի տղամարդկանց հավաքականին: Վահրամ Դումանյանը շախմատիստներին հյուրընկալել էր նախարարությունում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախարարը շնորհակալություն հայտնեց շախմատիստներին Հայաստանը պատվով ներկայացնելու և արծաթե մեդալը նվաճելու կապակցությամբ:

«Հպարտ եմ այս հաղթանակով և ուզում եմ վստահ լինեք, որ պատրաստ ենք ոլորտի զարգացման և առաջընթացի համար օգնել ինչով կկարողանանք: Մաղթում եմ ձեզ նորանոր նվաճումներ:  Շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն ունեն այս հաղթանակի մեջ»,- ասաց նախարարը:

[gallery id= 66158]

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ մրցաշարից առաջ համարում էին, որ լավ արդյունք կլիներ նույնիսկ լավագույն հնգյակում հայտնվելը. «Բայց տղաները ապացուցեցին, որ թիմում կարևոր չէ վառ աստղի առկայությունը։ Թիմը հաջողության է հասնում, երբ օրգանապես զգում են միմյանց: Վերջին տուրը ուղղակի ամենագեղեցիկ ու վառ ապացույցն էր, թե թիմը ինչպես պետք է խաղա. հենց տեսան Գաբրիել Սարգսյանը առավելություն ունի, բոլորը սկսեցին ոչ-ոքի խաղալ, քանի որ մեզ հաղթանակ էր պետք»,-ասաց Գիլոյանը:

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչ  Արման Փաշիկյանը նշեց, որ թիմը միանշանակ շատ լավ է հանդես եկել: «Դժվարանում եմ նախկինում հիշել նման դեպք, որ, հավաքելով այսքան միավորներ, թիմը գրավի երկրորդ տեղը, քանի որ եղել են դեպքեր, երբ  ավելի քիչ միավորներով դարձել են Օլիմպիադայի չեմպիոն: Իսկ այս տարի, կարելի է ասել, մրցակցությունը շատ մեծ էր ու հիմնականում երեք թիմերի  մեջ էր»,- ասաց նա:

Նախարարի հետ հանդիպման ընթացքում տղաները պատմեցին խաղերի  ընթացքի, լարված պահերի, հետաքրքիր ու զավեշտալի դեպքերի մասին:


© 2009 ARMENPRESS.am