Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի՝ «Լոռի» և «Չանախ» տեսակի պանիրների թողարկումը

15:40, 12 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կասեցվել է անհատ ձեռնարկատերեր Արթուր Մարկոսյանին (Շիրակի մարզ, գյուղ Արևշատ) և Ռուբեն Պապիկյանին (Արագածոտնի մարզ, քաղաք Ապարան) պատկանող կաթնամթերքի արտադրամասերի առանձին գործառույթը՝ համապատասխանաբար «Չանախ» և «Լոռի» տեսակի պանիրների արտադրությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, նշելով, որ որոշման հիմքը Տեսչական մարմնի Շիրակի և Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրված խախտումներն են, մասնավորապես՝ ստուգման ժամանակ նմուշառված պանրի լաբորատոր փորձաքննության արդյունքը:

Ըստ այդմ՝ «Չանախ» տեսակի պանրի (Շիրակի մարզ, գյուղ Արևշատ) և «Լոռի» տեսակի պանրի (Արագածոտնի մարզ, քաղաք Ապարան) նմուշները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չեն համապատասխանել Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

Նշված խախտումների վերացման համար սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինը սահմանել է ժամկետ:


© 2009 ARMENPRESS.am