Ինքնահաստատվել, մարմնի սպիները քողարկել կամ հանուն էսթետիկ հաճույքի. ինչ դաջվածքներ են նախընտրում Գյումրիում

12:13, 13 Օգոստոս, 2022

ԳՅՈՒՄՐԻ,  13 ՕԳՈՍՏՈՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տարիներին Գյումրիում մեծացել է  դաջվածքներ ունեցողների թիվը, հատկապես կանանց շրջանում: Մասնագետն է վստահեցնում՝ տարեցտարի փոխվում է նաև  պահպանողական գյումրեցիների վերաբերմունքը դաջվածքների հանդեպ:

Դաջվածքներն այսօր շատ տարածված են հատկապես երիտասարդների շրջանում: Շատերի համար սա  «մոդայիկ» է, մյուսների համար՝ խորհրդանիշ:  Դաջվածք անող մասնագետները վստահեցնում են՝ եթե Գյումրիում տղամարդիկ  նախընտրում են մեծ պատկերներ, կանայք  հիմնականում մինի տատուների կողմնակից են:

18 ամյա Մելինեն անկեղծանում է՝ իր համար դաջվածքները խորը իմաստ ու նշանակություն ունեն. ինչպես ինքն է ասում, վրեժից դրդված է  իր առաջին դաջվածքը՝ օձը, արել թևատակին, ապա ավելի մեծը՝ մեջքին, հետո արդեն այլ պատկերներով դաջվածքներ հայտնվեցին ձեռքին: Անկեղծանում է՝ միայն առաջին  դաջվածքն է ցանկանում հեռացնել: Մի քանի դաջվածքներից միայն օձի պատկերով դաջվածքներն են հատուկ իմաստ ունեցել, մյուսներն, ըստ աղջկա, գեղեցկության համար են արված: «Մանուկ հասակից եմ երազել մարմնիս վրա ունենալ: Այս պահին սա վերջը չէ, ցանկանում եմ նաև պարանոցիս ու ոտքիս վրա անել: Իմ շրջապատում միայն ես չէ, որ դաջվածք ունեմ, ընկերներիս մեջ էլ շատ են ունեցողները»,-ասում է աղջիկը՝ նշելով, որ երազում է   դաջվածք անող մասնագետ դառնալ:

Ի տարբերություն Մելինեի, 22 ամյա Գայանեն երկու փոքր դաջվածքներ ունի ձեռքերին՝  երկուսն էլ հատուկ նշանակությամբ: «Հրեշտակի թևերը մայրիկիս խորհրդանիշն է. մայրս մահացել ու ինքն իմ համար հրեշտակ է, իսկ փոքրիկ աստղիկը իմ ապագա երեխաների խորհրդանիշն է: Եթե աղջիկ ունեցա, անունը Աստղիկ եմ դնելու, տղայի դեպքում՝ Արեգ»,-ասում է Գայանեն՝ նշելով, որ ձախ ձեռքի ընտրությունն էլ հատուկ է արված՝ սրտի մոտ:

Անդրադառնալով հարազատների արձագանքին՝ Գայանեն վստահենում է, որ իր շրջապատը նորմալ է ընդունում: «Պապիկս էլ շատ նորմալ ընդունեց այս փաստը՝ հատկապես իմանալով, թե այս պատկերի տակ ինչ խորհուրդ  է թաքնված: Դաջվածքից հետո ասես իմ մեջ ինչ-որ բան է փոխվել, կարոտս ինչ-որ չափով մեղմվել է: Հավատացե՛ք, հոգեբանական լուրջ խոչընդոտ իմ մոտ հաղթահարվեց ու իմ մեջ եղած ցավը դուրս եկավ»,-ասում է Գայանեն՝ վստահեցնելով, որ  սրանք իր առաջին ու վերջին դաջվածքներն են, նոր դաջվածքներ այլևս չի անի:

Գյումրիում շատ են նաև նրանք, ովքեր նախընտրում են ժամանակավոր դաջվածքներ ունենալ: Եթե տղամարդիկ նախընտրում են դաջվածքներ ունենալ թևերին, ապա կանայք՝ ոտքերին, կողոսկրին ու կրծքի տակ:   Լենա Մարտիրոսյանն արդեն յոթը տարի է՝ դաջվածք անող մասնագետ է. մասնագիտությամբ նկարչուհի է, սկսել է հոնքի դաջվածքից: Թեև Լենան այն եզակի վարպետներից է, ով իր  մարմնի վրա ոչ մի դաջվածք չունի, չի բացառում, եթե դուստրն  ուզենա, այդ քայլից աղջկան հետ չի պահի:

«Հավանաբար, շատ եմ տեսնում դաջվածքներ, դրա համար չեմ ուզում ինքս ունենալ»,-ասում է Լենան՝  հաստատելով, որ վերջին շրջանում իր մոտ ոչ միայն  Երևանից կամ արտերկրից են գալիս դաջվածքներ անելու, այլ նաև Գյումրիից: «Ոչ միայն աղջիկները, այլ նաև 50+ կանայք: Շատ կանայք են նախընտրում, որ դաջվածքները հենց կին վարպետն անի: Հիմնականում դաջվածքը մարդու հոգեվիճակի պատկերն է»,-պատմում է Լենան՝ առաջնային համարելով ոչ միայն նորացված տեխնիկան, այլ նաև հիգիենայի կանոնները:

Շատերի համար դաջվածքը  էսթետիկ հաճույք է ու վիրահատությունից կամ պատահարից մնացած սպիները քողարկելու միջոց: Դժվարն ու ժամանակատարը  մարդու դեմքի ու կենդանիների  ճիշտ արտապատկերը ստանալն է, ինչը միայն լավ նկարիչների մոտ է ստացվում:

Շատերն են արդեն իրենց որոշած պատկերը մտքում գալիս, երբեմն վարպետը խորհուրդ է տալիս մինչ անելը լավ մտածել:  «Պատկերը պետք է նախ իրենց սրտով լինի, բայց ոչ այնպես, որ հետո իրենք խնդիր ունենան: Ես արվեստի մարդ եմ ու իմ գործին որպես արվեստ եմ մոտենում, դրա համար էլ լինում են դեպքեր, երբ հրաժարվում եմ այս կամ այն դաջվածքն անելուց»,-ասում է Լենան՝ վստահեցնելով, որ իր գործունեության ընթացքում դեռ դեպք չի գրանցվել, երբ կինը դաջվածքն անելուց հետո գա ու ցանկանա այն  հեռացնել, բայց, օրինակ, ժամանակավոր դաջվածքը մշտական դաջվածքով փոխարինողները շատ են:

Արմենուհի Մխոյան 

 

 


© 2009 ARMENPRESS.am