«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով անհետ կորածների թիվը 19-ն է

15:34, 15 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են, ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում անհետ կորածների թիվը պարբերաբար փոփոխվում է: Ներկա պահին անհետ կորած է համարվում 19 քաղաքացի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ հրապարակված 18 անհետ կորած համարվող քաղաքացիների անունների կողքին ավելացել է ևս մեկի՝ 1997 թվականին ծնված Մելինե Տալոյանի անունը: Մահացել է 6 մարդ:

Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը քաղաքացիներին տեղում ցուցաբերում է հոգեբանական աջակցություն։ Քաղաքացիները հոգեբանական աջակցություն կարող են ստանալ նաև զանգահարելով «911» թեժ գիծ։

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։


© 2009 ARMENPRESS.am