Արցախի նախագահը զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների հետ հանդիպմանն անդրադարձել է շփման գծում վերջին սրացումներին

16:14, 15 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 15-ին ընդունել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միության մի խումբ անդամների:  

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, քննարկվել են միության գործունեությանն առնչվող հարցեր, բարձրացված հարցերի իրավական կարգավորումների հստակեցման նպատակով ընդգծվել է պետական համապատասխան կառույցների հետ համատեղ աշխատանքի կարևորությունը:

Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանն   անդրադարձել է նաև շփման գծում վերջին սրացումներին և  Արցախի Հանրապետություն - Հայաստանի Հանրապետություն  այլընտրանքային ճանապարհի խնդրին, նշելով, որ խոսքը նոր միջանցքի մասին է, որի պահպանությունը,   համաձայն    2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, իրականացնելու են Արցախում տեղակայված  ՌԴ խաղաղապահները:

Հանդիպմանը նախագահ Հարությունյանը պատասխանել է ներկաների մի շարք հարցերի ևս:

 

 


© 2009 ARMENPRESS.am