«Զվարթնոց» օդանավակայանում ու մետրոյի որոշ կայարաններում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել

13:28, 16 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 16-ին հերթական անգամ տեղեկություն է ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը։

ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի կողմից  «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և Երևանի մետրոպոլիտենի Բարեկամության, Չարբախի, Շենգավիթի, Մարշալ Բաղրամյան կայարաններում տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։

Մետրոպոլիտենի մյուս կայարաններում տեղազննման աշխատանքները շարունակվում են։


© 2009 ARMENPRESS.am