Արգենտինայի դեսպանը Արամ Ա կաթողիկոսին է հանձնել տարբեր կրոնների երևելիների հոդվածներով Diálogos Fraternos գիրքը

21:28, 17 Օգոստոս, 2022

ԱՆԹԻԼԻԱՍ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում Արգենտինայի դեսպան Մորիսիո Ալիսին Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի հետ հանդիպման ժամանակ պաշտոնապես հանձնել է Diálogos Fraternos գիրքը, որը ներառում է զանազան կրոնների պատկանող կարևոր դեմքերի հոդվածները։ Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Այս առաւօտ՝ Չորեքշաբթի, 17 Օգոստոս 2022-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Լիբանանի մօտ Արժանթինի դեսպան Մորիսիօ Ալիսին: Այցելութեան հիմնական նպատակն էր Վեհափառ Հայրապետին պաշտօնապէս յանձնել Diálogos Fraternos հատորը:

Յայտնենք, որ ամիսներ առաջ Արժանթինի կառավարութեան նախաձեռնութեամբ յիշեալ հատորը պատրաստուած էր, ուր ներառուած էին զանազան կրօններու պատկանող կարեւոր դէմքերու յօդուածները: Նորին Ս. Օծութիւնը ընդառաջելով պատասխանատուներու խնդրանքին, իր նպաստը բերած էր յիշեալ հատորին: Հատորին հրատարակութեան տուն տուող պատճառը Ֆրանսիս Պապին Fratelli Tutti կոնդակն էր, ուր Սրբազան Քահանայապետը կոչ կ՚ուղղէր կրօններու միջեւ փոխադարձ հանդուրժողութեան ու գործակցութեան:

Դեսպանին այցելութիւնը նաեւ առիթ հանդիսացաւ, որ անդրադարձ կատարուի Լիբանանը դիմագրաւող խնդիրներուն, ինչպէս նաեւ Արժանթինի հայութեան»,- ասվում է հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am