«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում  որոշվել է «Աթլետ» մրցաձևի հաղթողը

17:30, 18 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի շրջանակում օգոստոսի 16-ին և 17-ին երկու մրցափուլով անցկացվել է ռազմամարզական «Աթլետ» մրցաձևը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, մրցութային առաջին օրը զորամասերից մեկի տարածքում մասնակիցներն ուժերն են չափել վազք 100 մետր, նռնակի նետում՝ դիպուկության և հեռահարության հաշվառմամբ վարժաձևերում: Երկրորդ օրը հավաքական թիմերի անդամները ձգումներ են կատարել պտտաձողի վրա, ապա հաղթահարել սահմանված չափորոշիչներով կահավորված արգելագոտին:

Ըստ աղբյուրի՝ երկօրյա մրցումների արդյունքների համադրմամբ «Աթլետ» մրցաձևում ընդհանուր հաշվարկով հաղթող է ճանաչվել Բելառուսի թիմը: Երկրորդ տեղում Ղազախստանն է: Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի թիմը եզրափակել է ուժեղագույն եռյակը:

Կանանց անհատական հաշվարկում ՀՀ զինված ուժերի թիմը ներկայացնող կապիտան Արմինե Գրիգորյանը տվյալ մրցաձևում երկրորդն է:


© 2009 ARMENPRESS.am