Այսուհետ IDBank-ի միջոցով վճարելիս Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ապաարգելադրումը կկատարվի ավտոմատ՝ մեկ օրվա ընթացքում

15:05, 19 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ապաարգելադրումն այսուհետ ավտոմատացված է: IDBank-ի միջոցով կատարելով անհրաժեշտ վճարումը՝ ապաարգելադրումը կիրականացվի մինչև մեկ օրում՝ նախկին 5-7 օրվա փոխարեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից, նշելով, որ գործընթացի պարզեցումը հնարավոր է դարձել թվային լուծումների ներդրման շնորհիվ: ՀԿԱԾ-ի և IDBank-ի միջև համագործակցության արդյունքում մեկնարկում է պիլոտային ծրագիր, որը թույլ կտա խնայել ժամանակ ու մարդկային ռեսուրսներ և ավտոմատացնել ողջ ընթացքը։

Այսպիսով՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից բանկին բռնագանձման պահանջ ուղարկելիս վերջինիս կողմից պատասխանն այսուհետ ստացվելու է ինքնաշխատ եղանակով՝ առանց մարդկային միջամտության, ուստի բռնագանձման ենթակա գումարի ամբողջական առկայության և բռնագանձումն իրականացնելու հնարավորինության դեպքում ՀԿԱԾ-ի կողմից կիրառված բոլոր տեսակի արգելանքների, այդ թվում՝ մնացած գումարի և հաշիվների ապաարգելադրումը տեղի կունենա մինչև մեկ աշխատանքային օրվա ընթացքում։

Ավտոմատացման նոր համակարգը թույլ կտա ունենալ ավելի արագ և պարզեցված գործընթաց՝ խուսափելով երկար վարչարարությունից։ Քաղաքացիների հաշիվներն արագ կապաարգելադրվեն՝ բացառելով մարդկային գործոնի արդյունքում սխալվելու հավանականությունը, և ՀԿԱԾ-բանկ հարաբերությունները կկարգավորվեն արագ և անսխալ։

Նախարարությունից հայտնում են, որ գործընթացը շարունակական է, և այս համակարգը ներդրվելու է Հայաստանի Հանրապետության բոլոր բանկերում:


© 2009 ARMENPRESS.am