«Սիլ Գրուպ»-ի մամուլի խոսնակը լկտի սուտ է անվանում «Սուրմալու»-ում պայթյունը Խաչատուր Սուքիասյանին վերագրող լուրերը

18:33, 19 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սիլ Գրուպ»-ի  մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանն անդրադարձել է օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո սոցիալական ցանցերում, ինչպես նաև որոշ լրատվամիջոցներում նյութերին,  ըստ որոնց,  առևտրի կենտրոնում պայթյունը կազմակերպված է եղել պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի և իր ընտանիքի անդամների կողմից:

Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում Աննա Մկրտչյանը նշել է, որ այդ ամենն  արվում է քաղաքական նպատակով և հատուկ հրահանգով Սուքիասյանների հանդեպ ատելություն սերմանելու և նրանց բարի համբավը արատավորելու համար:

«Քանի որ վերոնշյալ տեղեկությունը լկտի սուտ լինելուց բացի, նաեւ առերեւույթ հանցագործության հատկանիշներ է պարունակում, մեր ընտանիքին վերագրվում է ծանր հանցագործություն կատարելու կեղծ մեղադրանք, ակնկալում ենք, որ իրավապահ մարմինները կհայտնաբերեն ու պատասխանատվության կենթարկեն մեղավորներին՝ կանխելով մեր ընտանիքի կամ այլ անձանց նկատմամբ հետագայում նման եղկելի արարքի կրկնությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է նա՝ իր ցավակցությունը հայտնելով զոհերի հարազատներին։


© 2009 ARMENPRESS.am