Ետնաբեմում ծնված ներկայացում. Գյումրու դրամատիկը նոր թատերաշրջանը կազդարարի Սթիվեն Քինգի «Միզրի»-ով    

11:40, 1 Սեպտեմբեր, 2022

ԳՅՈՒՄՐԻ,  1  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ.թղթ.Արմենուհի Մխոյան): Տարբերվող սցենոգրաֆիա ու նկարչական ձևավորում, հանդիսատեսի համար անսովոր իրավիճակ՝ դահլիճի փոխարեն  ետնաբեմ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը» Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը նոր  157-րդ  թատերաշրջանի մեկնարկը կազդարարի սարսափ, և գիտաֆանտաստիկ  ժանրերի ամերիկացի գրող Սթիվն Քինգի «Միզրի»-ով։ 

Մեկ գործողությամբ հոգեբանական դրամայի բեմադրող ռեժիսորը մայրաքաղաքից  է հրավիրված:  «Տաղանդավոր ռեժիսոր Գոռ Մարգարյանն է, իսկ եթե Գոռ Մարգարյանն է, ապա մոտեցումն անսպասելի է՝ ներկայացումը ծնվել է «ետնաբեմում»՝ հանդիսատեսին տեղափոխելով այլ միջավայր, օգտագործելով թատրոնի ողջ տեխնիկական հնարավորությունները»,- «Արմենպրես»-ին ասաց Գյումրու պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը՝ վստահեցնելով, որ դեռ ներկայացումը թատրոնը չի հասցրել գովազդել,իսկ առաջնախաղի տոմսերն արդեն սպառված են:  

Գոռի առաջարկով նախկին բուժքույր Էննի Ուիլքսի դերում Համազգային թատրոնի սիրված դերասանուհի Տաթև Ղազարյանն է, իսկ հայտնի գրող Փոլ Շելդոնի կերպարը մարմնավորել է Գյումրու դրամատիկի տաղանդավոր դերասան Արսեն Սաղաթելյանը: Թարգմանությունը՝ Շաքե Ջինգյոզյանի, բեմական ձևավորումը և զգեստները՝ Նելլի Բարսեղյանի
Երաժշտական ձևավորումը՝ Նարեկ Կոսմոսի: Ի դեպ, երաժշտությունը հատուկ այս ներկայացման համար է գրվել: «Ես երբեք չեմ անդրադառնում պարզ գործերի ու, եթե կա հնարավորություն, անմիջապես հանձն եմ առնում բարդ գործեր, իսկ սա բարդ հեգեբանական ու մտածելու տեղիք տվող աշխատանք է: Բնականաբար, կլինեն մարդիկ, ովքեր կհավանեն, կլինեն նաև նրանք, ում համար ծանր կլինի այն, բայց կարծում եմ, շատերին կհետաքրքրի ու թատրոն կբերի»,-նշում է Գոռ Մարգարյանը՝ շնորհակալություն հայտնելով ոչ միայն ստեղծագործական ողջ թիմին, այլ նաև Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրինությանը իր՝ բոլոր «պահանջները» կատարելու համար:

Ռեժիսորը վստահեցնում է՝ շատ հեշտ է աշխատել  դերակատարների՝ Տաթև Ղազարյանի և Արսեն Սաղաթելյանի հետ: Չնայած Գյումրու հետ կապը միշտ եղել է, սա Տաթևի առաջին համագործակցությունն  է քաղաքի դրամատիկականի հետ: «Սա տարիներ շարունակ հոգուս խորքում թաքնված  փափագ է ու հիմա ինձ երջանիկ եմ զգում այս լեգենդար թատրոնում, այս հրաշալի մարդկանց հետ աշխատելով»,-ասում է Տաթևը: Գյումրու թատրոնի երիտասարդ դերասան Արսեն Սաղաթելյանը, մինչև պիեսին ծանոթանալը, անմիջապես համաձայնել է աշխատել՝ իմանալով խաղընկերուհու ու ռեժիսորի մասին: «Մթնոլորտն այնքան դրական է, կես բառից բոլորս իրար հասկանում ենք, մթնոլորտում սեր կա,  հաստատ սրանից լավ բան ենք ստանալու»,-ավելացնում է Տաթևը:

«Վստահ եմ, որ այս ներկայացումը մեր խաղացանկում իր ուրույն տեղն ու դերը կունենա: Ծանր ներկայացում է՝ դժվար է տրվում, բայց վստահ եմ Գոռի շնորհիվ կունենանք շատ ազնիվ, հստակ ու հետաքրքիր լուծումներով ներկայացնում»,-նշում է Լյուդվիգ Հարությունյանը:

 «Միզերին» հանդիսատեսի դատին կհանձնվի սեպտեմբերի 17-ին և 18-ին:       

 


© 2009 ARMENPRESS.am