Հայ զինծառայողները մասնակցում են «Արևելք-2022» միջազգային ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը

18:29, 1 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Հեռավորարևելյան դաշնային շրջանում տեղակայված զորավարժարաններից մեկում կայացել է «Արևելք-2022» միջազգային լայնածավալ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զորավարժությանը մասնակցում են 14 պետությունների, այդ թվում նաև՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները։

Նշվում է, որ, ողջունելով մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարներին և զինծառայողներին՝ ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Յունուս-Բեկ Եվկուրովն ընդգծել է նմանօրինակ համատեղ լայնածավալ զորավարժությունների անցկացման կարևորությունը առկա մարտահրավերների դեմ պայքարում։

«Հաջողություն մաղթելով ստուգատեսի բոլոր մասնակիցներին՝ հայկական զորախմբի հրամանատար, գնդապետ Սասուն Բադասյանն էլ վստահություն է հայտնել, որ զորավարժությունն անցնելու է բարձր մակարդակով և մասնակից երկրների զինված ուժերի ստորաբաժանումները համատեղ ջանքերով հասնելու են առաջադրված խնդիրների ներդաշնակ կատարմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ընդհանուր առմամբ, «Արևելք-2022» զորավարժությանը ներգրավված է շուրջ 50 հազար զինվորական, 5 000 միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 140 միավոր ավիացիա և 60 ռազմանավ։ Զորավարժությունները շարունակվելու են մինչև սեպտեմբերի 7-ը։

 


© 2009 ARMENPRESS.am