ԵՏԳ նախկին գլխավոր տնօրենը արդյունավետ է գնահատում իր պաշտոնավարման ժամանակ «Ռոսկոսմոս»-ի հետ համագործակցությունը

18:30, 6 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական տիեզերական գործակալության և «Ռոսկոսմոս»-ի միջև համագործակցությունը երկու կողմերի համար արդյունավետ էր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, STARMUS փառատոնի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ավիատիեզերական ինժեներ և Եվրոպական տիեզերական գործակալության 2003-2015 թվականների գլխավոր տնօրեն Ժան-Ժակ Դորդեյնը։

Եվրոպական տիեզերական գործակալության նախկին գլխավոր տնօրենը երկու հաջող նախագիծ առանձացրեց, որը իր պաշտոնավարման ժամանակ կյանքի էր կոչվել Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության արդյունքում։

«Իսկապես, կային առանձին ծրագրեր, որոնք իրականացրել ենք Ռուսաստանի Դաշնության հետ։ Առանձին նախաձեռնություն կար, որը վերաբերում էր Freedom և «Միր-2» տիեզերական կայանների միավորմանը և վերամիավորմանը, որը իսկապես հրաշալի նախաձեռնություն էր։ Մյուս չափազանց կարևոր համագործակցությունը՝ Ֆրասիական Գվինեայից «Союз» տիեզերական հրթիռի թռիչքն էր տիեզերք։ Այո, շատ հարուստ համագործակցություն եմ ունեցել Ռուսաստանի հետ, երբ ես հանդիսանում էիԵվրոպական տիեզերական գործակալության գլխավոր տնօրենը»,- ասաց Ժան-Ժակ Դորդեյնը։

Նա նշեց, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը, ցավոք, ընդհատել է Եվրոպական տիեզերական գործակալության և «Ռոսկոսմոս»-ի միջև համագործակցությունը։

«Ես անձամբ կցանկանայի ոչ թե հակամարտության հետևանքով ընդհատել համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, այլ համագործակցության շնորհիվ ընդհատել հակամարտությունը, սակայն, ցավոք, դա այլևս իմ լիազորությունների մեջ չէ։ Համագործակցությունըարդյունավետ էր ինչպես ԵՏԳ-ի, այնպես էլ Ռուսաստանի համար»,- ասաց Դորդեյնը։

 


© 2009 ARMENPRESS.am