ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահը կժամանի Հայաստան

10:09, 7 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը այս շաբաթ կայցելի Հայաստան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ,  այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է պետդեպի փոխխոսնակ Վեդանթ Պատելը՝ ընդգծելով, որ սա նոր պաշտոնում Ռիքերի առաջին այցը կլինի տարածաշրջան։

«Մենք ակնկալում ենք, որ սա տարածաշրջան կատարվելիք պարբերական այցերից առաջինը կլինի։ Նա այս երեկո մեկնում է ու կլինի Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում։ Բոլոր երեք երկրներում հանդիպելու է բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու տարածաշրջանին առնչվող հիմնական հարցերը, ինչպես նաև որոնելու ուղիներ՝ աջակցելու գործընկերներին ու ուղղակիորեն և կառուցողական ներգրավվելու՝ հանուն հրատապ խնդիրների լուծման և տարածաշրջանային հետագա համագործակցության»,- ասել է Պատելը։

 

 

 


© 2009 ARMENPRESS.am