ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ վարչության պետը ՀԱՊԿ միացյալ շտաբի պետին է ցույց տվել Ադրբեջանի կողմից ռուսական սահմանապահ հենակետը գնդակոծելու կադրերը

17:55, 16 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայություն սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովին ցույց է տվել Հայաստանի արևելքում տեղակայված ռուսական սահմանապահ հենակետը Ադրբեջանի զինված ուժերի կողմից գնդակոծելու կադրերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տեսանյութը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է Սպուտնիկ-Արմենիան:

«Երկհարկանի շենքում, նախկին պահակակետում տեղակայված էր 15 հոգուց բաղկացած Սոթք սահմանային անցակետը։ Գնդակոծությունը սկսվելուց հետո մարդիկ առաջին հարկում թաքնվել են միջանցքում. որևէ մարդ չի տուժել: Փաստորեն, կրակի ժամանակ անձնակազմին հաջողվել է դուրս գալ հենակետից, սակայն ողջ ունեցվածքը, տեխնիկան չի հաջողվել ժամանակին տարհանել»,- ասել է Գոլուբիցկին:

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման համաձայն, 2022-ի սեպտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ դիտորդական առաքելության առաջատար խումբը:

 


© 2009 ARMENPRESS.am