Արցախի նախագահը ցավակցական ուղերձ է հղել Իժևսկում տեղի ունեցած ողբերգական պատահարի առնչությամբ

16:14, 27 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ռուսաստանում տեղի ունեցած ողբերգական պատահարի զոհ դարձած աշակերտների և մեծահասակների հարազատներին ու մերձավորներին ցավակցական խոսք է հղել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արայիկ Հարությունյանի ցավակցական ուղերձը հրապարակվել է Արցախի նախագահի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:

«Արցախում խոր ցավով տեղեկացանք Ռուսաստանի Դաշնության Ուդմուրտիայի Հանրապետության մայրաքաղաք Իժևսկի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության մասին, որը խլեց տասնյակ մարդկային կյանքեր։

Արցախի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում ողբերգական պատահարի զոհ դարձած աշակերտների և մեծահասակների հարազատներին ու մերձավորներին։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին։

Այս ծանր պահին եղբայրական ռուս ժողովրդի հետ միասին կիսում ենք կորստի վիշտն ու ցավը»,- նշված է ուղերձում:


© 2009 ARMENPRESS.am