Հայ դատապարտյալները մասնակցում են շախմատի աշխարհի առաջնությանը

19:58, 13 Հոկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ակադեմիայում հոկտեմբերի 13-ին, «Շախմատ հանուն ազատության» ծրագրի շրջանակներում առցանց եղանակով մեկնարկել է դատապարտյալների շախմատի աշխարհի հերթական առաջնությունը, որին մասնակցում են յոթ երկրների՝ Հայաստանի, Զիմբաբվեի, Մոնտենեգրոյի, Պորտուգալիայի, Մակեդոնիայի, Իրանի և ԱՄԷ-ի դատապարտյալների շախմատի հավաքականի թիմերը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից, Հայաստանի թիմում ընգրկվել են ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում նախապես անցկացված շախմատի մրցաշարի արդյունքներով առաջին 4 հորիզոնականը զբաղեցրած դատապարտյալներ Արմեն Գորոյանը՝ «Նուբարաշեն», Վալերի Թումասյանը՝ «Արմավիր», Միքայել Զաքարյանը և Արամ Պետրոսյանը՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկներից։

«Խաղի ընթացքին հետևել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը, նրա տեղակալները, վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը և հյուրեր։

Մինչ խաղի սկսելը Ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը զրուցել է դատապարտյալների հետ, քաջալերել՝ մաղթելով նրանց հաջողություն և հաղթանակ թեժ մրցապայքարում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ՀՀ ԱՆ ՔԿԾ-ի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի համագործակցությունը սկսել է դեռևս 2015 թվականից․ ազատազրկված անձանց ազատ ժամանակը արդյունավետ օգտագործելու և նրանց վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում հիմնարկներում հաճախ կազմակերպվել են շախմատի դասընթացներ և մրցաշարեր։ Այդ համագործակցության և ներդրած ջանքերի շնորհիվ մեր դատապարտյալների թիմն արդեն երեք անգամ մասնակցում է միջազգային առաջնությունների։ Յուրաքանչյուր առաջնությունից առաջ նրանց հետ աշխատում են Ակադեմիայի լավագույն գրոսմայստերները։

Ըստ աղբյուրի՝ դատապարտյալների շախմատի աշխարհի առաջնության արդյունքերը կամփոփվեն հոկտեմբերի 14-ին։

 


© 2009 ARMENPRESS.am