Սևյանը և Արոնյանը կրկին կիսել են միավորը

12:12, 16 Հոկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են նաև Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  առաջնությունում կայացել են 10-րդ տուրի պարտիաները:  Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը ոճ-ոքի ավարտեց պարտիան Ուեսլի Սոյի հետ: Իր պարտիայում միավորը կիսեց նաև Սամուել Սևյանը, ում մրցակիցը Ռոյ Ռոբսոնն էր: 

Մրցաշարային աղյուսակի առաջատարն այս տուրից հետո շարունակում է մնալ Ֆաբիանու Կարուանան՝ 7 միավորով: Սամուել Սևյանը 6-րդն է, իսկ Լևոն Արոնյանը` 12-րդը:

ԱՄՆ շախմատի առաջնությանը մասնակցում է 14 շախմատիստ: Այն մեկնարկել է հոկտեմբերի 5-ին և կեզրափակվի հոկտեմբերի 20-ին: Առաջնությունն ունի 13 տուր: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 262 հազար ԱՄՆ դոլար: Հաղթողը կստանա 60 հազար դոլար:


© 2009 ARMENPRESS.am