«Մամուլի միջազգային ինստիտուտ»-ը Թուրքիայի իշխանություններից պահանջել է ազատ արձակել օրերս ձերբակալված լրագրողներին
11:48, 26 Հոկտեմբեր, 2022ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆ ՊՐԵՍ: Մամուլի միջազգային ինստիտուտը (IPI) գրավոր հայտարարություն է տարածել Թուրքիայում հոկտեմբերի 25-ին 11 քուրդ լրագրողների կալանավորման վերաբերյալ և դատապարտել այդ երկրում լրագրողների նկատմամբ իրականացվող հետապնդումները:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Demokrathaber-ը:
«Թուրքիան պարբերաբար չարաշահում է ահաբեկչության դեմ պայքարի օրենքը՝ թիրախավորելու լրագրողներին, որոնք հաճախ ենթարկվում են կամայական մեղադրանքների և բանտարկության: Այս ձերբակալությունները Թուրքիայում մամուլի ազատության դեմ լուրջ հարձակումների օրինակ են։ IPI-ն թուրքական իշխանություններին կոչ է անում ազատ արձակել այս 11 լրագրողներին և բոլոր մյուս լրագրողներին, ովքեր ճաղերի հետևում են գտնվում։»,-ասվում է հայտարարության մեջ:
Լրագրողները ձերբակալվել են տարբեր քաղաքներում «ահաբեկչության դեմ պայքարին» ուղղված հատուկ գործողությունների ժամանակ:
© 2009 ARMENPRESS.am