Մեզ համար ընդունելի են այն մոտեցումները, որոնք առաջարկվում են ռուսական նախագծով. Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը

16:34, 31 Հոկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Երևանի համար ընդունելի են մոտեցումները, որոնք առաջարկվում ենՀայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման հարցով ռուսական նախագծով:

«Անցած շաբաթ «Վալդայ» ակումբի հարթակում Դուք անդրադարձաք Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի հարցին՝ ընդգծելով այդ գործընթացի որոշ կարևոր պարամետրեր շ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ՝ հաստատելով, որ կաջակցեք այն սկզբունքների ընտրությանը, որոնց կողմ է արտահայտվում հայկական կողմը: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վերջին՝ Ձեր մասնակցությամբ փակ նիստի ընթացքում ես խոսել եմ այս մասին և ցանկանում եմ կրկին ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հարցով մեզ համար ընդունելի են այն մոտեցումները,  որոնք առաջարկվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման սկզբունքների և պարամետրերի մասին ռուսական նախագծով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա հույս է հայտնել, որ ՌԴ առաջնորդը կաջակցի, որպեսզի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ  հանդիպման արդյունքներով հնարավոր եռակողմ հայտարարության տեքստում հղում արվի այդ փաստաթղթին:

«Հայաստանն այդ առաջարկն արել է, սակայն մինչ այս պահը մենք չունենք հաստատում, որ ռուսական կողմը կպաշտպանի այդ առաջարկը: Դա ոչ մի կերպ չի հակասում այն համաձայնություններին, որոնք ձեռք են բերվել Պրահայում հոկտեմբերի 6-ին: Ընդ որում, Պրահայի բանակցությունների ժամանակ ես կենտրոնացել եմ  Լեռնային Ղարաբաղի հարցով Ձեր՝ նաև հրապարակային արված հայտարարությունների վրա »,- ասել է Փաշինյանը:

 

 


© 2009 ARMENPRESS.am