ՌԴ-ն Վիկտոր Բուտին փոխանակել է ԱՄՆ քաղաքացի Բրիթնի Գրայների հետ

20:36, 8 Դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է Աբու Դաբիի օդանավակայանում ռուսաստանցի Վիկտոր Բուտին ամերիկացի Բրիթնի Գրայների հետ փոխանակման մասին լուրը ։ Վերջիններս իրենց պատիժը կրում էին համապատասխանաբար ԱՄՆ-ում ու ՌԴ-ում:

«Դեկտեմբերի 8-ին Աբու Դաբիի օդանավակայանում հաջողությամբ ավարտվել է Ռուսաստանի քաղաքացի Վիկտոր Բուտին ԱՄՆ քաղաքացու` բասկետբոլիստ Բրիթնի Գրայների հետ փոխանակելու ընթացակարգը, որոնք պատիժ էին կրում համապատասխանաբար Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության ուղղիչ հիմնարկներում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասվում է ՌԴ ԱԳ հաղորդագրությունում: Ռուսական «Սպուտնիկ» ռադիոկայանի եթերում սենատոր Անդրեյ Կլիմովը փոխանակումն անվանել է ռուսական դիվանագիտության շատ լուրջ ձեռքբերում:

Տևական ժամանակ է, ինչ ՌԴ-ն բանակցում էր Միացյալ Նահանգների հետ Բուտին փոխանակելու հարցի շուրջ, որը գրեթե 15 տարի ազատազրկված էր ԱՄՆ-ում, սակայն բանակցությունները հաջողությամբ չէին ավարտվում:

«Ձեռնարկված ջանքերի արդյունքում հաջողվել է ամերիկյան կողմի հետ պայմանավորվել, որ Բուտին փոխանակեն Գրայների հետ»,- ասվում է հաղորդագրությունում:


© 2009 ARMENPRESS.am