Ադրբեջանի համար Ղարաբաղյան հարցը դարձել է «փիղը՝ սենյակում». Հայաստանի ԱԽ քարտուղար

13:46, 9 Դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմի համար Լեռնային Ղարաբաղի հարցը դարձել է «փիղը՝ սենյակում», այսինքն՝ խնդիրը կա, բայց փորձում են ձևացնել, թե չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ՝ անդրադառնալով պատգմավոր Սոնա Ղազարյանի հարցին:

Պատգամավորը հետաքրքրեց, թե հայկական կողմը շարունակում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրի հարցն ու ԼՂ-ում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության հարցը տարանջատա՞ծ քննարկել:

Գրիգորյանը պարզաբանեց, թե ինչու է հայկական կողմը եկել այն եզրակացության, որ այդ  հարցերը տարանջատված պետք է լինեն: «Երբ մենք Վաշինգտոնում քննարկումներ ենք ունեցել, և ավելի հստակություն է եղել միջազգային մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, մենք մեր հավանությունն ենք տվել, որ հարցերը տարանջատվեն: Սակայն, երբ միջազգային մեխանիզմի վերաբերյալ որևէ հստակություն չկա, ապա դա հայկական կողմի համար դժվարացնում է խաղաղության պայմանագրի մասով առաջ գնալը»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի մոտեցումը, թե Ղարաբաղի հարցը լուծված է, որևէ ձևով չի օգնում այս հարցով առաջ ընթանալ:

«Ղարաբաղյան հարցը ադրբեջանական կողմի համար դարձել է «փիղը՝ սենյակում», այսինքն՝ խնդիրը կա, բայց փորձում են ձևացնել, թե այդ խնդիրը չկա: Մենք կշարունակենք աշխատել և կտեսնենք, թե ինչքանով է հնարավոր դրանք տարանջատել »,-ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմի այդ մոտեցումն է, որ որոշակի խոչընդոտներն է ստեղծում ավելի արագ առաջ շարժվելու համար:


© 2009 ARMENPRESS.am