Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Զելենսկիին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

13:27, 30 Դեկտեմբեր, 2022
ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գալիք տոների առիթով, շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի ուղերձը տարածել է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը: 
«Ձերդ Գերազանցություն,
Սրտանց շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Ուկրաինայի բարեկամ ժողովրդին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։
Լիահույս եմ, որ գալիք տարում խաղաղություն և համերաշխություն կտիրի աշխարհում, և կայունության պայմաններում մեզ կհաջողվի համատեղ քայլերի շնորհիվ նոր թափ հաղորդել փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-ուկրաինական միջպետական հարաբերությունների հետագա զարգացմանը՝ ի բարօրություն Հայաստանի և Ուկրաինայի ժողովուրդների։
Մաղթում եմ Ձեզ, Ձեր ընտանիքին և մերձավորներին քաջառողջություն և հաջողություն, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և կայունություն»,- ասված է ուղերձում։

© 2009 ARMENPRESS.am