ԿԽՄԿ-ի գրասենյակի ղեկավարը Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Լաչինի միջանցքի իրավիճակը

17:27, 25 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ղեկավար Դրագանա Կոջիչը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հանդիպմանը քննարկում է եղել նաև Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Ադրբեջանը, կեղծ բնապահպանական պատճառներ բերելով, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շրջափակել է Արցախը Հայաստանին ու ողջ աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ Արցախում հարուցելով հումանիտար ճգնաժամ: Հայաստանն այս հարցով դիմել էր նաև Արդարադատության միջազգային դատարանին: Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ին հրապարակեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը: Դատարանը Ադրբեջանին պարտավորեցրեց ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ:


© 2009 ARMENPRESS.am