Սիսիան և Անի խոշորացված համայնքների ընտրողների վստահությունը պարտավորեցնող է․ Նիկոլ Փաշինյան

09:31, 27 Մարտ, 2023

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարտավորեցնող է համարում Սիսիան և Անի համայնքների ընտրողների վստահությունը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ անդրադարձել է Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներին։

«Սիսիան և Անի խոշորացված համայնքների ընտրողների վստահությունը պարտավորեցնող է եւ սիրելի։ Ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը և Կա՜ Ապագա»,- գրել է Փաշինյանը։

Անի համայնքում ընտրելու իրավունք ունեցող 15 հազար 934 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 9869 մարդ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 5180 քվե, 3134 քվե ստացել է «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքը, «Հայկական երազանք» կուսակցությունը ստացել է 795, իսկ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 744 ձայն։

Սիսիան համայնքում ընտրելու իրավունք ունեցող 22 հազար 890 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 11 հազար 355 մարդ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 7325 ձայն, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 2553 ձայն, իսկ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը ստացել է 1443 քվե։

 

 


© 2009 ARMENPRESS.am