Շախմատի կանանց Եվրոպայի առաջնությունում Աննա Սարգսյանը 5-րդն է

09:36, 27 Մարտ, 2023

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող առաջնությունում կայացել են 8-րդ տուրի պարտիաները: Աննա Սարգսյանը հաղթեց Իրինա Բուլմագային և 8 հնարավորից վաստակելով 6 միավոր՝ այժմ գտնվում է 5-րդ հորիզոնականում: Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը և Լիլիթ Մկրտչյանն ունեն 5.5 միավոր:

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունն անցկացվում է Չեռնոգորիայում: Այն կեզրափակվի մարտի 29-ին: Առաջնությանը մասնակցում են 34 երկրի 140 շախմատիստներ: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 60.000 եվրո: Առաջին տեղը զբաղեցրած շախմատիստը կստանա 10.000 եվրո:

 Հետևեք մեզ Ինստագրամում

 


© 2009 ARMENPRESS.am